
Արգամ Նորայրի Հովսեփյան
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.
Ձեզ եմ ներկայացնում «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի տասներկուերորդ համարը, որը նվիրված է ՀՀ ԳԱԱ ««Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ—ի հիմնադրման 20 ամյակին:
Անցնող ժամանակահատվածը նշանավորվեց հոբելյանական միջոցառումներով, որոնցից կարևոր է ընդգծել «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովի անցկացումը: Հայաստանի դատափորձագիտական բնագավառի ամենամասշտաբային իրադարձությունը, որն առանձնացավ աննախադեպ ներկայացուցչական մասնակցությամբ, նոր խթան հանդիսացավ ոլորտի շարունակական գիտահենք զարգացման համար։
Գիտաժողովի շրջանակներում ժամանակակից աշխարհում դատափորձագիտական ոլորտի ներկայիս մարտահրավերների, իրավակարգավորումների, առկա խնդիրների և զարգացման հեռանկարների և ոլորտին առնչվող այլ կարևոր ասպեկտների վերաբերյալ ներկայացված գիտական արժեքավոր զեկույցներում ներկայացված գիտական արդյունքները տեղ են գտել պարբերականի հիշյալ համարում:
Հարկ է ընդգծել, որ գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը հետևողականորեն շարունակում է ապահովել պարբերականի միջազգային առավել լայն ճանաչելիությունը և հասանելիությունը, ինչին մեծապես նպաստում է միջազգային գործընկերների հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, արտերկրի հեղինակավոր դատափորձագիտական կառույցների ներկայացուցիչների և ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ գիտաժողովների, աշխատաժողովների, կլոր սեղան—քննարկումների և ոլորտի գիտահենք զարգացմանը միտված այլ միջոցառումների անցկացումը:
Այս համագործակցությունը արդյունավետորեն ծառայում է դատափորձագիտական ոլորտի առաջավոր և լավագույն փորձի փոխանակմանը, տվյալների միասնական բազաների ձևավորմանը, հետազոտական առաջադեմ մեթոդների և մեթոդիկաների մշակման, ներդրման և գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովման նպատակով միասնական մոտեցումների ձևավորմանը:
Շնորհավորելով բոլորիս Կազմակերպության հիմնադրման 20-ամյակի առթիվ, Բյուրոյի գիտական անձնակազմին և պարբերականի խմբագրական խորհրդին մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի նպաստ մեր երկրում արժեքավոր և ակնառու գիտական արդյունքների ապահովմանը:
Վերոգրյալի համատեքստում կարևոր է տեսնել Ձեր գիտական աշխատանքների լավագույն արդյունքները ԴՓՔՀՀ պարբերականի հաջորդ համարներում:




Previous
Next