Արխիվ

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.
Հարգելի՛ ընթերցող

Սիրով ներկայացնում եմ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» (ԴՓՔՀՀ) վերտառությամբ գիտական պարբերականի երկրորդ համարը: Հարկ է նշել, որ պարբերականի առաջին համարը թողարկելու պահից անցած երեք ամիսներիընթացքում խմբագրական խորհուրդն իրականացրել է մի շարք կազմակերպչական գործառույթներ: Մասնավորապես, ներկայումս հասանելի է պարբերականի առաջին համարի էլեկտրոնային տարբերակը (http://www.journal.nbe.am), ինչպես նաև պարբերականի երկրորդ համարում ներկայացված են հեղինակների համար նոր պահանջներ՝ մշակված միջազգային հռչակագրերի, ցուցումների և կանոնների հիման վրա:

  Նախատեսվում է 2020 թվականին՝ պարբերականի երրորդ համարի թողարկումից հետո, սկսել ԴՓՔՀՀ–ի Հայաստանի Հանրապետության գրախոսվող գիտական հրատարակումների ցանկում ներառելու գործընթացը՝ գիտակցելով հեղինակների իրավասությունը երաշխիք ունենալու, որ իրենց աշխատանքները հրատարակվում են բոլոր կանոններին համապատասխան գրանցված գիտական պարբերականի մեջ:

Նշեմ, որ ԴՓՔՀՀ պարբերականի երկրորդ համարում ներառված են այն հոդվածները, որոնք ներկայացվել էին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-րդ տարելիցին նվիրված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում, սակայն, պարբերականի առաջին համարի սահմանափակ ծավալից ելնելով, չէին ընդգրկվել վերջինում:

   Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ տվյալ պարբերականը դիտարկվում է որպես բաց հարթակ, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն փոխանակվել իրականացված գիտագործնական աշխատանքների արդյունքներով, դատափորձագիտական ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդներով, այլ նաև նախանշել դատափորձագիտության ոլորտի կատարելագործման ուղիները, որոնք վերաբերում են հատուկ փորձագիտական հետազոտությունների իրականացմանը, դատավարական գործողություններում մասնագետների մասնակցությանը, փորձագետների վերապատրաստմանը և այլն:
    Ցանկանում եմ նշել նաև, որ ներկայումս ստեղծվել է խմբագրական խորհուրդ, որում ընդգրկված են հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Պորտուգալիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Սակայն, ընդգծեմ, որ պարբերականի հետագա զարգացման ընթացքում խմբագրական խորհրդի կազմում կներառվեն նաև այլ գիտնականներ՝ ի նպաստ պարբերականի հետագա թողարկումների որակի առավել բարելավմանն ու ընդգրկվածության շրջանակների ընդլայմանը:
    Հարգելի գործընկերներ, ուրախ կլինեմ տեսնել Ձեր գիտական աշխատանքների լավագույն արդյունքները՝ հոդվածները, «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» պարբերականում: