Գլխավոր

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.
Ձեզ ենք ներկայացնում «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ 15-րդ համարը, որում ամփոփված են դատական փորձաքննության և քրեագիտության բնագավառների արդիական տեսամեթոդաբանական, իրավակիրառական և նեղ մասնագիտական հիմնախնդիրներին նվիրված գիտական հետազոտություններ։ Համարում ընդգրկված աշխատանքներն արտացոլում են ոլորտի գիտական մտքի զարգացման արդի միտումները՝ միաժամանակ նպաստելով դատափորձագիտական գործունեության և քրեագիտական ապահովման համակարգի տեսական ու գործնական հիմնահարցերի գիտական ընկալման խորացմանը։
Սույն համարում ներկայացված հոդվածներն անդրադառնում են թվային փոխակերպումների և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում հանցավորության նոր դրսևորումների բացահայտման, քննության և ապացուցման գործընթացների կատարելագործման հիմնախնդիրներին՝ մարդու հիմնարար իրավունքների, արդար դատաքննության սկզբունքի և դատավարական երաշխիքների ապահովման համատեքստում։ Հատուկ ուշադրություն է դարձվել մասնագիտական գործունեության շրջանակներում կատարվող իրավախախտումների քրեաիրավական և քրեագիտական բնութագրմանը, ինչպես նաև դրանց արդյունավետ կանխարգելման և բացահայտման գործիքակազմի կատարելագործման հարցերին։ Գիտական վերլուծության առարկա են դարձել նաև ֆինանսատնտեսական բնույթի իրավախախտումների, մասնավորապես՝ ֆինանսական բուրգերի ձևավորման, գործունեության և բացահայտման օրինաչափությունները, դրանց կանխարգելման իրավական և տնտեսագիտական մեխանիզմները։ Միաժամանակ քննարկվել են դատավարական ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության գնահատման չափանիշներին, ինչպես նաև դատափորձագիտական և քրեագիտական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Համարում տեղ են գտել նաև բնապահպանական իրավունքի կիրառական հիմնախնդիրներին, հասարակական տարբեր երևույթների քրեագիտական գնահատմանը, ինչպես նաև հանցավոր վարքագիծ դրսևորող անձանց սոցիալ-հոգեբանական և քրեագիտական բնութագրերի ուսումնասիրությանը նվիրված հետազոտություններ, որոնք առանձնանում են միջգիտակարգային մոտեցմամբ և գործնական նշանակությամբ։
Պարբերականի խմբագրական խորհուրդը, կարևորելով գիտական արդյունքների տարածման, մասնագիտական երկխոսության զարգացման և միջազգային գիտական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, շարունակաբար նպաստում է արդիական և բարձր գիտական չափանիշներին համապատասխանող հետազոտությունների հրապարակմանը՝ ձևավորելով մասնագիտական գիտական հաղորդակցության արդյունավետ հարթակ։
Հուսով ենք, որ սույն համարում հրապարակված գիտական աշխատանքները կնպաստեն դատական փորձաքննության, քրեագիտության և հարակից գիտակարգերի հետագա զարգացմանը, ինչպես նաև կխթանեն նոր գիտական հետազոտությունների իրականացումն ու մասնագիտական քննարկումների ընդլայնումը։
Հարգանքով՝
բժշկական գիտությունների թեկնածու Ա.Ն. Հովսեփյան